Երգչուհի Նանան թանկ երգիչների շարքում է և նոր ալբոմ կթողարկի | online-news.am

Երգչուհի Նանան թանկ երգիչների շարքում է և նոր ալբոմ կթողարկի

00:20 04.11.2012

online-tv.am- Շատերին թվում է, թե երգչուհի Նանան հեռացել է բեմից, կամ նույնիսկ Հայաստանից: Ինչո՞ւ չես երևում բեմում:

ՆԱՆԱ-Ես ոչ մի տեղ էլ չեմ հեռացել, շարունակում եմ երգել:  Պարզապես, այո, քիչ եմ լինում Հայաստանում,  ավելի շատ համերգներս  արտասահանում են: Ինձ էնտեղ սիրում են: Գալիս են, ի դեպ, ոչ միայն հայեր: Նոյեմբերին կթողարկվի իմ նոր ալբոմը, որում կան դուետներ, նոր երգեր:  Իսկ թե ում հետ` թող լինի անակնկալ, պատրաստում եմ նոր սիրուն մի աշխատանք` «Սիրահարվել եմ» երգի հիման վրա:
online-tv.am-Սիրահարվե՞լ ես ու գուցե հիմա՞ ես սիրահարված:

ՆԱՆԱ-Այո, սիրել եմ, բայց հիմա սիրտս ազատ է: Մինչև հիմա լուրջ չեմ մտածել ամուսնության մասին, ավելի շատ ժամանակս տրամադրել եմ երգարվեստին, բայց հիմա համարում եմ, որ արդեն կարելի է նաև այդ մասին մտածել:

online-tv.am-Ինչո՞ւ «ավելի շատ արտասահմանում»:

ՆԱՆԱ-Ես դասվում եմ թանկ երգիչների շարքին: Հենց դա է պատճառը: Ես չեմ ուզում 60-80  հազար դրամով երգել: Ես ունեմ իմ չափանիշները, բայց, ցավոք, դրանց համապատասխան այստեղ չեմ կարող  վարձատրվել: Վերջին հաշվով, կարող եմ անգամ ձրի երգել, բայց այստեղի առաջարկած գումարով` երբեք:

online-tv.am-Հայաստանի ու արտասահմանի դեպքում քո գնային պահանջները նո՞ւյնն են:

ՆԱՆԱ-Բնականաբար, ոչ: Հայաստանի դեպքում պահանջներն ավելի քիչ են, քան արտասահմանի դեպքում, բայց մեզ մոտ դրան էլ չեն համաձայնում:

online-tv.am-Ինչպե՞ս կգնահատես հայկական շոուբիզնեսը, ոլորտը կայացա՞ծ է:

ՆԱՆԱ- Հասկանո՞ւմ եք, հիմա ասում են` հայկական շոուբիզնեսը չի զարգանում, առաջընթաց չի լինում… Բայց դրա համար երգչին գումար չեն տալիս: Թող փորձեն Հայաստանի երգիչներից մեկին տալ այնքան գումար, որքան տրվում է արտասահմանյան աստղերին, մերոնք դրա համար էլ մեգաաստղեր չեն դառնում, դուրս չեն գալիս միջազգային երգի շուկա: Հետո էլ բողոքում են, թե տեսահոլովակներն այս չեն, այն չեն: 50-60  հազար եվրո արժեցող տեսահոլովակ նկարող աստղերի աշխատանքները, բնական է, որ պետք է լավը լինեն, բայց համեմատել դա մեզ մոտ սահմանափակ հնարավորություններով նկարահանվող հոլովակների հետ…Դրա համար շատ կցանկանայի, որ հայ աստղերը ավելի բարձր վարձատրվեին, որպեսզի գնայինք դեպի զարգացում ու դուրս գայինք միջազգային շուկա:

online-tv.am-Որքա՞ն է գնահատում Նանան իր ելութը:

ՆԱՆԱ-Ես գումարայինի մասին չեմ սիրում խոսել, շատ բան կախված է պայմանավորվելուց:
 

online-tv.am-Հայաստանից դուրս աշխատելու հետևանքով արդո՞ք չես կորցրել քո երկրպագուներին:

ՆԱՆԱ-Ոչ: Ո՞նց կարող են մոռանալ ու էլ չսիրել մայր գովերգող երգչուհուն:  Ամռանը քաղաքում ման էի գալիս (ես էլ սովորական մարդ եմ), ու որ մեքենան անցնում էր, մեջից լսվում էր իմ երգը: Երգս այնքան էր ճանաչվել, որ էլ ասելու չի:  Ես ինձ համարում եմ ժողովրդի կողմից սիրված, կայացած երգչուհի, ես խոնարհվում եմ ժողովրդի առաջ:  Ես կարողացել եմ մենահամերգով երկու օր լցնել Մարզահամերգային համալիրը, իսկ դա հիմա հեշտ բան չի, ես հպարտանում եմ ինձանով: Իմ ունկնդիրների շարքում կան բոլոր տարիքի ներկայացուցիչներ` փոքր երեխաներից սկսած` մինչև տատիկներ ու պապիներ: Մենակ թողնեք խոսեն, ասեն`  մոռացել են, չեն հիշում, էլ չեն սիրում… Ծիծաղալու է…

online-tv.am-Շա՞տ են խոսում, բամբասում, քննադատում…

ՆԱՆԱ-Շատ: Անգամ ապշում եմ: Երևի իրենց համար հետաքրքիր եմ, դրա համար էլ խոսում են:

online-tv.am-Իսկ ինչ-որ բան անո՞ւմ ես քո նկատմամբ հետաքրքրությունը պահելու համար:
ՆԱՆԱ-Չէ, ոչ մի բան: Որ բան չեմ անում, էսքան խոսում են, բա որ մի բան անեի, ինչքան կխոսեին ու կքննադատեին: Չար բաներ էլ եմ լսում ու ջղայնանում եմ, չի կարելի էդպես: Մարդիկ աշխատում են, տեսահոլովակ են նկարում, անգամ լավ աշխատանքների դեպքում մի բան գտնում են ու փնովում: Ինձ համար ցավալի է, որ անգամ իմ գործընկեր(ուհի)ներին են վիրավորում հիմար բամբասանքներով: Զարմանում եմ, որտեղից է ժողովրդի մեջ այսքան հոգու աղքատություն տարածվել:
Վերջապես ես իրականում գովազդի կարիք ամենևին էլ չունեմ: Ովքեր չեն ուզում ինձ լսել, թող չլսեն, թող լսեն ուրիշներին, ես պրոբլեմ չունեմ: Ինձ սիրողը սիրում է:
 
Հ.Գ. Երգչուհի Նանան՝ Նանա Կարապետյանը, ծնվել է 1984թ., Երևանում: Առաջին մասնագիտությամբ իրավաբան-իրավագետ է, սովորել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև մասնագիտական դասեր է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Արուսյակ Հոխիկյան
Դիտվել է 2770 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս