Ժամանակի մեղեդին | online-news.am

Ժամանակի մեղեդին

12:02 19.10.2012

Քրիստինա

Դու ինձ սովորեցրել ես արտասվել:
Դու ինձ սովորեցրել ես սպասել (դաժանության ամենավայրենի տեսակն է):
Դու սովորեցրել ես պատից պատ խփել ինձ:
Սովորեցրել ես կանգ առնել, արագ վազել, նեղանալ ու մի քիչ ուրախանալ:
Դու իմ հարազատն ես, Սի´րտ իմ, բայց քո մեջ ե´ս չեմ,այլ Նա:
Այսինքն` Նա է ինձ սովորեցրել:
Եվ այս ամենն ընդամենը երեք օրվա ընթացքում:
72 ժամ կամ 4320 րոպե կամ 259200 վայրկյան:
Գժվել կարելի է:
Պատկերացնո՞ւմ ես, որ քեզ ես համբուրեի 259200 անգամ` վայրկյանը մեկ:
Ա´յ, հենց այդ ժամանակ էլ կասեի, որ դու ինձ սովորեցրիր մահանալ, որովհետև հաստատ հաճույքից կմահանայի:
Դո՞ւ:
Միգուցե ` դո՞ւ էլ:
Չգիտեմ…
Միայն հիշում եմ վերջին բառերդ.
- Քո սիրտը երթուղային տաքսի է, ով ասես, որ չի մտնում, դուրս գալիս:
Իսկ հիմա արի´ ու տե´ս սրտիս վիճակը:
Դու քո արական հոգով մտել ես իմ իգական սիրտը ու…դե պատկերացրու… 
Պատուհանին իմ բերանի գոլորշիով, մատով գրել եմ <Կարեն>: Անընդհատ վազում, նայում եմ, թե չի՞ հալվել, ջնջվել արդյոք: 
Բակ նայելու ևս մի առիթ է, տեսնելու` դու սպասո՞ւմ ես ինձ, թե՞ ոչ:

Կարեն

Ինչ տարօրինակ է: Ընդամենը երեք օր առաջ էր, որ նստած էինք այգում:
Դու ձեռքով տրորում էիր չոր, գունավոր տերևներն ու ավազի նման լցնում ափերիս մեջ:
Հետո երևի զգացիր, որ ձեռքերս սառն են, մաքրեցիր ափերս, բռնեցիր ձեռքերս ու սկսեցիր քո շնչով տաքացնել: Զգացիր, որ քիչ է:
Ձեռքերս դրեցիր թևերիդ տակ: Հաճելի էր, տաք ու գրգռիչ:
Չէ, չէի կարող, հաստատ ձեռքերիս տեղը կփոխի: Այգում անհարմար էր:
Հետ քաշեցի:
Տաքացրու իմ սի´րտը: 
Տաքացրո´ւ աշնանային ամպի պես մոխրագույն քո աչքերով:
Քո շնչո´վ տաքացրու ինձ, ամբողջ մարմինս, այնքան, որ տաքանա նաև ստվերս ու սևից փոխակերպվի կարմիրի:
Տարօրինակ է, որ չեմ ասում` ես քեզ սիրում եմ: Ես սիրում եմ քո աչքերը:
Քո աչքերն ապրում են մի այլ կյանքով, որտեղ ամեն ինչ խորն է ու իմաստալից:
Ամեն ինչ ավարտվում է խաղաղ լուսաբացների նման՝ բազմաճառագայթների տեսքով, որտեղ ամեն ճառագայթի վերջում մի ճանապարհ է ու ամեն ճանապարհի վերջում դու ես` ձեռքերդ պարզած` ինձ գիրկդ առնելու համար:
Վերցրո´ւ գիրկդ ինձ, թող քո մարմի´նը ինձ տաքացնի: 
Ասում են` ժամանակը բուժում է ամեն ինչ: Մի´ հավատա, սիրելի´ս: Ինչպե՞ս կբուժի, երբ արդեն 72 ժամ կամ 4320 րոպե կամ 259200 վայրկյան ճնշում եմ զգում մարմնիս ամեն մի քառակուսի սանտիմետրի վրա… ու դիմանալն անտանելի է:
Պատուհաններիս տակ խշխշում են տերևները:
Անհամբեր վազում եմ նայելու դո՞ւ ես, թե՞ ոչ…
Ո´չ, քամին էր, որ քշեց ու տարավ քո մասին հուշերիս չորացած տերևները…

Քրիստինա

Ննջարանից դուրս եկավ եկվորյակ քույրը` Միլենան:
- Քի´ս, ի՞նչ է, չե՞ս քնել: Տեսքդ ասես ճմրթած թերթ լինի: Էլի վիճե՞լ եք, - անտարբեր ասաց ու նստեց բազմոցին:
Միլենան կիսահագնված էր, ու Քրիստինայի աչքից չվրիպեց թանկարժեք ներքնազգեստը:
- Որտեղի՞ց քեզ, գեղեցիկ է:
- Դավիթն է նվիրել, այսինքն` դրամն ինքն է տվել:
- Դավի՞թը, իսկ Արմանն ի՞նչ եղավ:
- Արմանն ի՞նչ, ո՞ւմ է պետք, ո´չ մեքենա ունի, ո´չ էլ կարգին փող: Ա´յ,Դավիթն ուրիշ է: Երեկ ենք ծանոթացել:
- Միլե´ն, ի՞նչ ես ասում, ո՞նց թե, երեկ դու Արմանի հետ չէի՞ր հավաքույթի:
- Այո´, այնտեղ էլ ծանոթացա: Հետո զգացինք, որ տխուր է, իր մեքենայով ինձ տարավ… 
- Դու դավաճանե՞լ ես Արմանին, - Քրիստինայի աչքերը զարմանքից մեծացան:
- Հիմար բաներ ես ասում: Ես միայն մարմնով, հոգով չեմ դավաճանել: Իսկ դա նույնը չէ, այո՞: Համ էլ Արմանն արդեն ինձ դուր չի գալիս: Աղքատի մեկն է, ինչի՞ս է պետք: Ինչպե՞ս սիրեմ մի մարդու, որը ոչինչ չունի, ո´չ մեքենա, ո´չ… 
- Դու գժվե՞լ ես, բա, որ հանկարծ մաման իմանա՞, բա ձեր սե՞րը…
Միլենան ծիծաղեց:
- Սե՞րը: Սերն այնտեղ է, որտեղ փող կա: Մի՞թե չհասկացար այսքան ժամանակ: Այդ դու ես գժվել: Մի տե´ս, թե ինչի ես նման: Նույնիսկ չեմ կարողանում նայել քո հագածին :Քո այդ Կարենը ինչի՞դ պետք է նայի, մի քո ներքնազգեստները տե´ս, հագնվում ես ինչպես մեր տատը: 
Ապտակը շառաչեց Միլենայի դեմքին:
Քրիստինան երկու ափով փակեց դեմքն ու լաց լինելով` չգիտես ինչու` մոտեցավ պատուհանին:
Ապակուն արտաշնչած գոլորշին հալվել էր ու ջնջել սիրած տղայի անունը:

Կարեն

- Կարե´ն, նախաճաշը պատրաստ է, արի´:
Մայրը մտավ սենյակ:
- Ի՞նչ է եղել, նորից չե՞ս քնել: Ի՞նչ է ուզում քեզնից այդ աղջիկը: 
- Մա´մ, ի՞նչ կապ ունի նա: Մեղավորը ես եմ, բայց չեմ զանգի: Եթե սիրում է, թո´ղ ինքը զանգի:
- Տղամարդը դո´ւ ես: Իսկ դու կախվել ես ժամացույցի վայրկյանաչափից և ուզում ես քո ծանրությամբ կանգնեցնել: Չի ստացվի:
Միթե՞ չես հասկանում, որ ժամանակը, որի վրա հույս ես դրել, արգելակներ չունի, կանցնի, քեզ հաջողություն մաղթելով, կգնա ու հետ չես բերի:
Ճիշտ է, տղամարդ ես, բայց կմնաս արտասվելով, եթե սիրում ես:
Արտասվել կարող են բոլորը, ովքեր սիրում են:
Զանգիր, եթե մեղավոր ես:
- Լավ էլի, մա´մ: Ինքը կզանգի, վստա´հ եմ:
Մայրը, գլուխն օրօրելով, հեռացավ:
Կարենի մտքում պտտվում էին Քրիստինայի խոսքերը.
- Թախիծի մեջ ուրախություն չկա: Իսկ ուրախության մեջ թախիծ կարող է լինել, երբ գիտակցում ես, որ ժամանկը քո իշխանության տակ չէ:
Մենք չենք կարող կառավարել նրան: Ու այդ պատճառով երես առած ժամանակը մերթ ծիծաղում է մեզ վրա, մերթ լաց լինում, մերթ ծաղրում է, մերթ… 
Հարկավոր է հարգել ժամանակը:

Միլենա

Երբ դուրս եկավ շենքի մուտքից, անմիջապես նկատեց Դավիթի արծաթագույն <Մերսեդեսը>:
<Ա´յ, միայն այսպես>,- մտածեց ու նայեց, թե շենքի պատուհաններից տեսնող կա՞, թե՞ ոչ:
Հպարտ քայլերով մոտեցավ ու բացելով մեքենայի դուռը` նստեց:
- Կյա´նք, եկա՞ր, - Դավիթը ձգվեց ու համբուրեց Միլենային:
- Ո՞ւր ենք գնում այսօր: Էլի ընկերոջդ տո՞ւն:
- Այո´, ի՞նչ է, լավ չի՞, չե՞ս ուզում: 
Դավիթի ձեռքը Միլենայի ծնկից սկսեց սահել ազդրով դեպի վեր այնքան, որքան թույլ էր տալիս նեղ շրջազգեստը:
Միլենային հաճելի էր:
- Տե´ս, քո տված փողով եմ գնել, գեղեցիկ է, չէ՞,- Միլենան բարձրացրեց շրջազգեստը:
Մեքենան դանադեցրեց ընթացքը: Դավիթն ուշադիր նայեց բաց ոտքերի արանքում ձգված գեղեցիկ փերթիկին:
- Այսօր էլ կստանաս հարյուր դոլար, ինչպես երեկ: Գո՞հ ես:
- Իհա´րկե, Դա´վ, ես գժվում եմ քեզ համար: 
- Չէ´, այսօր քեզ փող կտա ընկերս: Քեզ համար ի՞նչ տարբերություն, չէ՞:
- Ո՞նց թե: Կատա՞կ ես անում…
- Չէ´, ի՞նչ կատակ, այդպես է պետք:Նրան դուր ես եկել: Ի՞նչ կլինի որ, մի անգամ է, էլի…
- Կանգնեցրո´ւ մեքենան: Դու հիմա´ր ես, ու ես էլ քեզ համար փողոցային չեմ, կանգնեցրո´ւ, - բղավեց Միլենան ու փորձ արեց բացել մեքենայի դուռը:
Գլխին իջած հարվածից կծկվեց նստատեղին:
Փորձ արեց պայուսակից հանել բջջային հեռախոսը ….
<Ո՞ւմ, Արմանի՞ն>,- մտածեց ու մի նոր հարված ստացավ երեսին:
- Հանգի´ստ նստիր տեղդ, լա´վ կլինի: Ի՞նչ է, փողի կարիք չունե՞ս: Ես իսկույն հասկացա, երբ տեսա, որ աղջիկ չես, ի՞նչ ես ձևեր թափում, փողոցում թափա՞ծ է փողը:

* * *
<Ի~նչ հոգատարությամբ ու զգուշությամբ Արմանի կողմից զրկվեց կուսությունից: Ինչպե~ս էր Արմանն իր հետ միաժամանակ աչքերը լցրել:
Ի~նչ հայացքով էր նայում իրեն:
Հիմա արդեն ուշ է:
Աչքերի առաջ քույրն էր` Քրիստինան` հնաոճ ներքնազգեստով, Արմանն էր` իր հին, բայց խնամքով պահված կոստյումով, Դավիթն էր` հարուստ, լպիրշ դեմքով ու արդեն ոչինչ չարտահայտող աչքերով, նրա ընկեր Էդոն` իր գորտնուկներով պատված ձեռքերով ու հաստ վզով:
Կխելագարվեմ: Բայց ինչպես Արմանն ասաց. <Գնացքը գնաց, էլ չի կանգնի>:
Արցունքները խեղդում էին:
Դավիթի ձեռքը նորից սկսեց իր ճանապարհը ոտքերի արանքում, բայց Միլենան արդեն ոչինչ չէր զգում:
- Ճանապարհի´դ նայիր, հիմա´ր, ժամանա՞կ ես գտել:
Նորից հարված` գլխին:
Գլուխը ուժգին կպավ կողապակուն, ու աչքերի առաջ ամեն ինչ մթնեց:

Ժամանակը խելակորույս արագությամբ առաջ էր ընթանում` փաստելով իր մեղեդու ոչ միայն ուրախ, այլև մելամաղձոտ ու տխուր հանգամանքը: Ամեն ինչ ժամանակի ձեռքում է: Եթե կարողանում ես լսել նրա մեղեդին այնպես, որ շոյի ականջդ, համահունչ լինի սրտիդ, ապա հոգուդ հետ կհանգստանա նաև մարմինդ:

… Միլենան շենքի երկրորդ հարկի աղբատար խողովակի կողքը կծկվել ու չգիտես ամոթից, թե երեկոյան սառնությունից դողում էր:
Կիսամերկ մարմինը ծածկված է կապտուկներով: 
Օգտագործեցին ու անպետք լաթի նման մորեմերկ դուրս շպրտեցին:
Ո´չ պայուսակ ունի, ո´չ հեռախոս:
Արդեն չի կարողանում լաց լինել, սպառվել են արցունքները:
Մի՞գուցե, երբ ավելի մթնի, դուրս գա ու մի մեքենա….Բայց ինչպե՞ս, ո՞վ կկանգնի...
Հարկի դռներից մեկը բացվեց, ու աղբի դույլը ձեռքին աղբատար խողովակին մի տարիքով կին մոտեցավ:
Բղավեց ու ձեռքից գցեց դույլը:
- Մա´մ, ի՞նչ եղավ,- բնակարանից դուրս վազեցին երևի տղան ու հարսը:
Կինը խոսելու ընդունակությունը ասես կորցրել էր: Մատով ցույց տվեց դեպի Միլենան:
- Մի շո´ր բեր, - տղամարդը դիմեց կնոջը:
- Ի՞նչ գործ ունես, զանգենք ոստիկանություն,- կինը զզվանքով նայեց Միլենային:
- Հարկավոր չէ, շո´ր բեր, արա´գ:
- Դրա հագածը նայիր, ինչ էլ թանկանոց…
Մայր ու տղա զարմացած ու շփոթված նայեցին հարսին:
- Խնդրում եմ, զանգե´ք քրոջս, ես համարը կասեմ: Ոստիկանություն պետք չէ....

Քրիստինա

Չզանգեց: Մի՞թե այդքան հպարտ է:
Արդեն երեկո է, ու դանդաղ իջնող մութն անում է իր գործը:
Միլենան էլ չկա: Տեսնես ո՞ր գրողի ծոցում է քարշ գալիս:
Իսկ առավոտյան ի՞նչ ասաց: Միթե՞ նա ճիշտ է, պետք է ինչ-որ բան փոխել արտաքինիս մեջ:
Իսկ ի՞նչ են իմ շորերը, սովորական: Մի՞թե այդքան կարևոր է, թե ինչ ես հագնում: Կարևորը, թե ինչպես ես հագնում:
Ես այդպես եմ սովորել:
Երկվորյակներ ենք, բայց այդքան տարբեր:
Ասում են` երկվորյակներն իրար զգում են հազարավոր կիլոմետրերից:
Մի՞թե:
Նա չի կորչի կյանքում: Ինձ նման չէ:
Նորից մոտեցավ պատուհանին:
Քիթը սեղմեց ապակուն ու նայեց բակ:
Ոչինչ չէր երևում: Մի աներևույթ ձեռք գրկել էր ամբողջ բակն ու սեղմել կրծքին այնպես, որ լույս թափանցելու տեղ չէր մնացել:
<Կմեռնեմ սպասելով, բայց չեմ զանգի: Եթե մինչև ժամը 10 չզանգի, վերջ, ոչ մի քայլ իմ կողմից չի լինի >:

Զանգ:
Քրիստինան շրջվեց ու վազեց դեպի հեռախոսը` չնայելով ոտքերի տակ:
Հողաթափերից մեկը ոտքից դուրս եկավ, ու Քրիստինան ընկավ հատակին:
Առանց ուշադրություն դարձնելու ոտքի ցավին` հասավ հեռախոսին:
Նայեց համարին: Անծանոթ էր:
< Գրողի´ ծոցը, ով ուզում է լինի, չե´մ վերցնի: Իսկ ես կարծում էի…>:

Կարեն

Արածս մի բան չէր, ընդամենը պարի ժամանակ ընկերուհիդ գլուխը դրեց ուսիս:
Այնքան հաճելի էր մազերի բույրը, որ չդիմացա: Ուղղակի ցանկացա հոտ քաշել ավելի մոտիկից, ու ստացվեց, որ համբուրեցի մազերը:
Դե, նա էլ երևի սխալ հասկացավ, ավելի ամուր գրկեց ինձ:
Մի՞թե ես մեղավոր եմ, որ չցանկացար պարել:
Ի՞նչ պատճառ է` <պարել չգիտեմ>: Պարել ո՞վ գիտի որ այստեղ գտնվողներից:
Ա´յ, եթե քույրդ` Միլենան լիներ, ցույց կտար, թե պարելն ինչպես է լինում:
Չհասկացա, թե ինչպես ստացվեց, որ համբուրվեցի ընկերուհուդ հետ ու այդ պահին տեսա, որ նայում ես: Դե, ստացվեց, էլի:
Քանի անգամ ներողություն խնդրեցի:
Իսկ դու մի՞թե քարե սիրտ ունես, ի՞նչ դժվար է զանգել ու ասել, որ ներում ես…

Զանգ:
Ո´չ, նրա համարը չէ: Մի՞գուցե ուրիշ հեռախոսով է զանգում:
Տղամարդու ձայն էր:
- Կարե՞ն, Դո՞ւք եք, մի րոպե´, հիմա տամ ձեր ընկերուհուն:
- Քրիստինայի՞ն, ի՞նչ է պատահել: Ո՞վ է:
- Մի րոպե´,- ասաց տղամարդը:
- Կա´ր, ես եմ` Միլենա´ն, կարո՞ղ ես գալ, ես լավ չեմ, խնդրում եմ…

Բակում լռություն էր…
… Միայն պատուհանների տակ խշխշում էին տերևները, որոնք
պտտեցնելով` քամին պատրաստվում էր քշել-տանել…
Ժամանակը չի սպասում, անհամբեր հեռանում է քամուն համընթաց` իր հետ տանելով դեռ մեկ վայրկյան առաջ գոյություն ունեցող ներկան:

* * *
- Ալո, Քի՞ս, ես եմ` Կարենը:
- Հասկացա, հետո՞:
- Կարո՞ղ ես գալ իմ տուն:
- Ուրիշ բան չե՞ս ուզում, էլ ի՞նչ կարող ես ասել:
- Մի րոպե´, սպասի´ր, հեռախոսը տամ քրոջդ:
- Քի´ս, ես եմ, ինձ շոր բեր, հա՞, լրիվ մերկ եմ մնացել…Քի´ս, խնդրո´ւմ եմ:
- Երկուսով էլ կորե´ք գրողի ծոցը,- Քրիստինան հեռախոսը կատաղությունից հարվածեց պատին:

Ժամանակի մեղեդին պարզ է ու խաղաղ:
Բայց այդ խաղաղության մեջ կան նաև փոթորիկներ, արցունքներ, թախիծ…
Պետք չէ վազել ժամանակի հետևից: Նա միշտ` ամեն վայրկյան անցյալ է:
Նա չի կարող իր հետ տանել ապագան: 
Հարկավոր է նստել ժամանակի գնացքի` քեզ հատկացված վագոնը և չափսոսալ ծախսածդ ժամերի, րոպեների, վայրկանների համար:
Եթե կարողանաս լսել ժամանակի մեղեդին…

Ստեփան Ումառ (Հարությունյան)
Նյութի աղբյուր` http://www.facebook.com/StepanUmar

Դիտվել է 528 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս