Հայ պատգամավորը բանավեճի է հրավիրում Բարաք Օբամային | online-news.am

Հայ պատգամավորը բանավեճի է հրավիրում Բարաք Օբամային

11:58 21.10.2012

online-tv.am Դուք ԱԺ-ում մեծամասնականով ընտրված անկուսակցական պատգամավոր եք: Դժվա՞ր էր Ձեզ համար ընտրապայքարը:


ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Ընտրապայքարը շատ դժվար էր, քանի որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել էին այսօրվա քաղաքական ներկապնակը ներկայացնող բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ ՀՀԿ թեկնածու, որը ներկայացնում էր այդ պահին գործող կոալիոցիոն ուժերը, Ժառագության, ՀՅԴ, ՀԱԿ թեկնածուները և ես՝ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածու՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: Իրավիճակն այնպիսին էր, որ մրցակցություն էր քաղաքական թիմերի աջակցությունը վայելող թեկնածուների և որևէ քաղաքական ուժի կողմից աջակցություն չունեցող թեկնածուի միջև: Կարծում եմ, այսքանը բավարար է, որպեսզի ակնհայտ լինի այն մարտահրավերների առկայությունը, որոնք ես հաղթահարել և ընտրվել եմ որպես միակ ինքնաառաջադրված թեկնածու:
 

online-tv.am -Ինչպե՞ս ընդունվեցիք վաստակավոր խորհրդարանականների կողմից:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Անկախ խորհրդարանական ստաժից, նորմալ աշխատանքային և մարդկային ընդունելության եմ արժանացել:


online-tv.am -Կուսակցական գործիչներն ինչո՞վ են տարբերվում անկուսակցականներից:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Կարծում եմ, որ կուսակցական գործիչները առաջին հերթին պետք է հաշվի նստեն իրենց կուսակցության դիրքորոշումների հետ և ենթարկվեն կուսակցական կարգուկանոնին: Նշված իրավիճակներում անկուսակցական գործիչն ազատ է իր որոշումներում, սակայն պատասխանատվությունն ավելի մեծ է միայնակ գործելու ժամանակ, քան այն դեպքերում, երբ կա թիմային մոտեցում ինչ-որ հարցի վերաբերյալ:


online-tv.am-Ձեր կարծիքով ովքե՞ր են բոլոր ժամանակների համաշխարհային մակարդակի լավագույն քաղաքական գործիչները:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Աբրահամ Լինքոլնը, Ջոն Քեննեդին, Ուինսթոն Չերչիլը:


online-tv.am-Ժամանակակից համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչներից ո՞ւմ հետ կցանկանայիք բանավեճի մեջ մտնել և ի՞նչ թեմայի շուրջ:


ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Մեր տարածաշրջանում վարվող ամերիկյան քաղաքականության շուրջ կցանկանայի բանավիճել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: 


online-tv.am-Ո՞ր աշխատանքն է Ձեզ ավելի մեծ բավականություն պատճառում՝ քաղաքակա՞ն, թե՞ իրավական գործունեությունը:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Իրավապաշտպան գործունեությունն ինձ ավելի հոգեհարազատ է և բավականություն է պատճառել, քանի որ վերջին տաս տարիներին զբաղվել եմ դրանով, սակայն օրենսդիր մարմնում իմ աշխատանքից նույնպես բավականություն եմ ստանում և չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում այն կարող է ինձ համար դառնալ ավելին, քան իրավապաշտպանությունն է:


online-tv.am-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի լավագույն օրը:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Անդրանիկ տղայիս ծնվելու օրն էր, որը վերջերս կրկնապատկվեց:


online-tv.am-Ո՞րն է Ձեր մասին տարածված ամենաանհեթեթ բամբասանքը:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր բամբասանքներ էին տարածվում, որոնցից ամենաանհեթեթն այն էր, որ իբր ես առաջադրվել եմ իմ հիմնական մրցակցին օգնելու համար: Փաստորեն այնքան լավ օգնեցի, որ ինքս ընտրվեցի:


online-tv.am-Ինչպիսի՞ ապագա եք տեսնում Ձեզ համար:
 
ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ-Եթե մնամ քաղաքականության մեջ, կարծում եմ՝ հաջողակ պետական-քաղաքական գործիչ կլինեմ:
 
Հ.Գ. Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է: Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում:  2002թ.  ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի ստիճան: 2006թ.` Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության մասնագետի որակավորում: Մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների (Հայաստան, Լեհաստան, Հունգարիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան):  2008թ. ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 
Արուսյակ Հոխիկյան
Դիտվել է 1575 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս