50 տոկոս մտնելու տեխնոլոգիան ու Վրաստանի վարչապետի բիզնես-կուսությունը | online-news.am

50 տոկոս մտնելու տեխնոլոգիան ու Վրաստանի վարչապետի բիզնես-կուսությունը

22:33 01.11.2012

Մայաների կանխագուշակած աշխարհի վերջին մնացել է երկու ամսից պակաս ժամանակ, իսկ հայաստանյան հասարակությունը ոգևորությամբ դիմավորում է աղանդավորական նոր կազմակերպությանը: Կներեք, ինչ եմ ասում. նոր հավատքի, աշխարհը փրկելու եկող նոր գաղափարախոսության... Անունն էլ այնքան երկար ու խորհրդավոր է՝ «Կենդանի հավատ ընտանեկան եկեղեցու»: Հիվանդություններից բուժվող երիտասարդներ, մինչև ականջները հասնող ամերիկյան ժպիտով առյուծների կողքին նստած աղջիկներ ու ճռճռացող թղթից գունավոր բուկլետներ. մեզ արդեն ծանոթ աղանդավորական թերթիկների մասին է խոսքը: Հիշում եմ, 1999-ի դեկտեմբերի 31-ին իմ ծանոթ աղանդավորներից մեկը հավաքել էր տան գույքը, տեղավորել մեծ արկղերի մեջ, կապել պարանով ու անհամբեր սպասել կեսգիշերի զանգերին, որից հետո պետք է որ տան գույքով հանդերձ բարձրանար դեպի ... հավերժություն: Ահա այսպես են մեր «հավատացյալները» պատկերացնում իրենց մատուցվող կորեկը:
 
Կորեկը, եթե չեմ սխալվում, բույս է, իսկ աշխարհը այս օրերին առանձնահատուկ շուքով է նշում բուսակերների օրը: Միայն բուսական սնունդ, բացառվում է մսամթերքի կիրառումը: էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը նոյեմբերի 1-ի ասուլիսում չնայած խրախուսեց բուսակերությունը, բայց միաժամանակ կոչ արեց մի քիչ էլ միս ուտել. ի վերջո շարժիչը գործի գցելու միջոցներ են պետք: Հնդիկների շարժիչները, պարզվում է, ավելի լավ աշխատում են բուսական վառելանյութով, քանի որ նրանց պտղաբերության մակարդակը ամեն տարի ավելի է բարձրանում... Հայաստանում պտղաբերության մասին բավական ժամանակ մտածում ենք պետական մակարդակով, բայց չգիտես ինչու, զարկ է տրվել կուսաթաղանթների ավելացմանը: Մեր երկիր ներմուծված կես տոննա կշռով, իրականում գրեթե անհաշվելի թվով կուսաթաղանթները երկու մասի բաժանեցին հասարակությանը: Փորձառու «աղջիկների»  ոգևորությունը մեծ էր. ինչքան շատ, այնքան էժան, պակաս ոգևորված չէր նաև իմ ծանոթ գինեկոլոգներից մեկը՝ աղջիկ շինելու, կներեք, սարքելու և փող աշխատելու լավ միջոց է, ինչո՞ւ ձեռքից բաց թողնել: Հայաստանում հայտնի գինեկոլոգ Գեորգի Կիմիչն էլ նեղվեց, թե. «սաղ պարերը պարել ենք, մնացել է սարի սմբո՞ւլը»: Կիմիչ ջան, էդ «սարի սմբուլը» շատ «աղջիկների» անմեղության համալսարանական դիպլոմն է, մանավանդ որ բանից անտեղյակ սկեսուրն անպայման հետո կպարի դրա համար...
 
Ասում են, կուսությունից զրկվելու ամենակարճ ճանապարհը տարբեր տեղերից հավաքված մեծ խմբի միատեղումն է փոքր տարածքում, հանրակացարանները մեզ օրինակ: Երևանի հանրակացարաններն այնքան լեցուն են, որ արդեն չեն բավարարում, իսկ որ դրանցում հիմնականում հնդիկներն են՝ իրենց պարբերաբար այցելող հայուհիներով, փաստ է: Թե ինչ դեր ունեն մեր հանրակացարանները կուսաթաղանթների կամ մյուս պահեստամասերի իրացման գործում, իմ կարծիքով, ավելի լավ կիմանան մեր երկիրը պարբերաբար տարածաշրջանային կենտրոն հայտարարող առաջադեմ գործիքները, կներեք, գործիչները:
 
Տարածաշրջանային կենտրոնների թեմայից որ չհեռանանք, մի փոքր շրջայց կատարենք հարևան Վրաստանում: Այս երկրի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, թե պետք է նոր խթան հաղորդել ռուս-վրացական հարաբերություններին ու ամեն ինչ սկսել նորից, որովհետև Ռուսաստանն է վրացական թթվածնի ամենամեծ մատակարարը: Ռուսների նկատմամբ այդպիսի սերը շատերի համար անակնկալ է, բայց չմոռանանք, էլի, ժողովրդական խոսքը՝ «որ աղբյուրից ջուր ես խմում, էդ աղբյուրը քար մի գցիր»: Իվանիշվիլիի միլիոնները կուտակվում են ռուսական շուկաներում... Վրաստանի վարչապետը, սակայն, դժվար թե երբևէ որոշի «բիզնես դնել» Հայաստանում. հայերն են փախչում էստեղից՝ ոմանք քցելուց, ոմանք էլ՝ միլիոնների հասնող դոլարներ քցվելուց հետո: Ամերիկահայ մեծահարուստ Էդմոնդ Խուդյանը մոտ 10 տարի դռնեդուռ է ընկել իր 2 մլն դոլարը վերադարձնելու համար, խեղճը քանի անգամ ԱԺ դիմեց, մենամարտի հրավիրեց իր նախկին գործընկերներին: Իսկական սցենար էր «Անծանոթը» սերիալի համար. նախկին ընկերները օգտվեցին իր միամտությունից ու տարան միլիոնները... «Տարան, միլիոնս տարան»,-հավանաբար այսպես կմեկնաբանվեր խնդիրը «Ոսկե ցլիկ»-ում, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացու շահերը պաշտպանելիս բավարարվեց արձանագրային հայտարարությամբ. «Մենք հետևում ենք գործի ընթացքին...»:  Բայց մեր ամերիկացի հայրենակիցը երևի չէր լսել ապարանցիների հորինած, իրականին շատ մոտ անեկդոտը, երբ ամուսնանալուց ամեն կերպ խուսափողը բացատրում է պատճառը՝ վախենում եմ ամուսնանամ, երկրիս իշխանությունները 50% փայ մտնեն...
Հայաստանի թիվ մեկ իշխանությունը ցավակցական նամակ է ուղարկել Ամերիկայի թագավորին: Ուրիշ ձևակերպում չգտա՝ տալու Բարակ Օբամային՝ կարդալով Սերժ Սարգսյանի նամակի առաջին տողը՝ «Ձերդ Գերազանցություն, խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետեւանքներից... »:  Դիվանագիտական բառարանները փորփրում եմ, բայց այդպես էլ չեմ գտնում գոնե մեկ գրառում, որ ԱՄՆ ղեկավարներին այդպես են դիմում, առավելագույնը՝ ինչպես մեզ մոտ՝ «Հարգարժան պարոն նախագահ»: «Ձերդ գերազանցություն»-ը ընդունված պարտադիր դիմելաձև է Մեծ Բրիտանիայում՝ թագուհուն ուղղված: Շփոթե՞լ է մեր նախագահը, թե՞ շփոթեցրել են, հայտնի էլ չէ, իսկ ահա նույն ձերդգերազանցությունների երկրում իշխանությունները դասեր են ստանում իրենց հայ կոլեգաների օրինակից: Լոնդոնի քաղաքապետը չցանկացավ հետ մնալ մի քանի հայ պատգամավորներից ու իր հասցեին ուղղված՝ «Ֆուու, այստեղ ոչ ոք ձեզ ուրախ  չէ» արտահայտությանը պատասխանեց կարճ՝ «Ռադ եղիր...»:
Մուշեղ Արյան
Դիտվել է 1570 անգամ

online-news.am

loading...


Нравится 0
Լրահոս